Ձորագետ

Ձորագետ, Դեբեդի խոշոր վտակներից։ Երկարությունը 67 կմ է։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Լեռնահարթավայրային տիպի գետ է։ Վերին հոսանքում՝ Լոռվա դաշտում, ունի հարթավայրային բնույթ՝ դանդաղահոս է, ցածրադիր, երբեմն ճահճապատ ափերով և հաճախ առաջացնում է գալարներ։ Միջին հոսանքում՝ Ստեփանավան քաղաքից ներքև, գետը, ընդունելով Տաշիր խոշոր վտակը, մտնում է խոր, մինչև 100-120 մ խորությամբ կիրճերի մեջ։ Գետահովիտը նեղանում է՝ վերածվելով կիրճի, այնուհետև նեղ ու խորը կանիոնի։ Ձորագետի ջրահավաք ավազնի մակերեսը 1460 կմ2 է։ Գետն ունի արևելք-հարավ-արևելք ուղղություն և մոտիկ է Բազումի լեռնաշղթայի ստորոտին, հետևաբար ավելի երկար վտակները միանում են ձախից, ինչպես օր.՝ Սևաբերդը, Տաշիրը, Ուռուտը, Հովանաձորը, որոնցից առաջին երկուսն ավելի ջրառատ են։ Աջակողմյան վտակներից են Չքնաղը և Գարգառը։ Գետի սնումը խառն է. 53.2%-ը կազմում են ձնաանձրևային, իսկ 46.8%-ը՝ ստորերկրյա ջրերը։ Վերջին ցուցանիշը Դեբեդի ավազանում ամենամեծն է։ Ձորագետի ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով։ Նրա գետաբերանում 1932 թվականին կառուցվել և գործում է Ձորագետի ջրային էլեկտրակայանը՝ 22.2 հազար կվտ ընդհանուր հզորությամբ, իսկ Ստեփանավան քաղաքի մոտ՝ Ստեփանավանի փոքր ջրէկ-ը։ Ձորագետի վտակ Տաշիրից սկիզբ է առնում Լոռվա ջրանցքը /50 կմ/, որը ձգվում է մինչև Դեբեդ գետ և ոռոգում ավելի քան 4000 հա հողատարածություն։ Այս ամենն առաջացնում է բնապահպանական ծանրաբեռնվածություն Ձորագետ գետի վրա: «Ձորագետ-4» ՓՀԷԿ-ի կառուցմամբ այդ ծանրաբեռնվածությունն էլ ավելի կմեծանա, խողովակի մեջ կվերցվի գետի գումարային 13961մ տարածքը (20.83%): Հին աղբյուրներում հիշատակվում է Տաշրաջուր անունով։ Նախահեղափոխական շրջանի ռուսական քարտեզների վրա նշված է «Կամենկա» անունով։ «Ձորագետ»գետը դասվում է ձկնատնտեսական ջրային օբյեկտների շարքին։ Չի նկարագրվում տեղի ձկնաշխարհը, միայն նշվում է, որ շինարարության ժամանակ գետի ջրի ռեժիմի փոփոխումը, աղտոտվածության հնարավոր բարձրացումը, շինարարական աղմուկը կարող են ազդել գետի կենդանական աշխարհի` առանձնապես ձկների վրա: Ձորագետի վրա կառուցված են հետեւյալ ՓՀԷԿ-երը` «Կաթնառատ», շահագործող` «Վանշայն» ՍՊԸ, «Ձորագետ-5», շահագործող` «Հազար ու մեկ» ՍՊԸ, «Ձորագետ-6», շահագործող` «Վի-Ար-Բի Կոնցեռն» ՍՊԸ: Այս ՓՀԷԿ-երի գործունեության արդյունքում, սակայն, Կաթնառատի բնակիչները ջրից զրկվել են: «Կաթնառատ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Կաթնառատ համայնքի վարչական տարածքում: Այն շահագործում է «Վանշայն» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցված է Ձորագետի վրա: մինչ ԹՀԷԿ-ի կառուցումը Կաթնառատ գյուղը երբեք ջրի խնդիր չի ունեցել, մինչդեռ այսօր մի խումբ մարդկանց տնտեսական շահի համար գյուղացին կանգնել է մեծ խնդրի առաջ:

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑